ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության մամուլի ծառայությունը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում դեռ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է ուսումնասիրություն՝ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ: Կատարված ուսումնասիրությամբ բացահայտված և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու դիմում է ներկայացվել դատարան:
«Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ»,- տեղեկացնում են դատախազությունից։
2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը հոկտեմբերի 10-ին վարույթ է ընդունվել: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման պահանջ է ներկայացված նաև չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեքի՝ 348 մլն 194 հազար դրամի, զիջված պահանջի իրավունքի գումարի՝ շուրջ 33 միլիոն դրամի, 10 անշարժ գույքի (որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին) շուկայական արժեքի, 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունքի, 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումարի՝ շուրջ 16.8 մլրդ դրամի նկատմամբ։
Հիշեցնենք, որ 2020 թվականին հարուցված քրեական գործով Գագիկ Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից հետո Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնց հիմքով 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի ուսումնասիրություն: