ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Գյումրու չոր նավահանգստի նախագիծը խոր տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա ընդգծեց, որ հոլանդական ընկերությունը, որը հրավիրվել է նախագիծըկազմելու համար, արդեն ավարտում է աշխատանքը։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` նախնական տվյալները ցույց են տալիս, որ նախագիծը կարող է ներդրողների մոտ էական հետաքրքրություն առաջացնել, հատկապես, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հենց այդ խաչմերուկում` հարավից հյուսիս երթուղու վրա է գտնվում Գյումրին և չոր նավահանգստի հատվածը։
«Այստեղ ոչ միայն լոգիստիկ հանգույց է լինելու օդային, ցամաքային և երկաթուղային ճանապարհներով, այլև ինդուստրիալ պարկ է, որտեղ գտնվելու են առաջնակարգ գործարաններ»,– ասաց Քերոբյանը։
Նա ընդգծեց, որ հայ–թուրքական սահմանին գտնվող «Ախուրյան» կայարանը ևս ծրագրում է։
Հիշեցնենք, որ նախնական գնահատումների համաձայն` նախագիծը կպահանջի 70-90 մլն դոլարի ներդրում, իսկ շինարարությունը կտևի մինչև 12 ամիս։ Ամենայն հավանականությամբ, նախագիծն իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով։ Մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ տարի, և կա նաև հավանականություն, որ 2024 թվականին կկարողանան սկսել նաև շինարարական աշխատանքները։