ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 2–ի վիճակն էլ բավական ծանր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երեկ ես մաշկաբանության կենտրոնում էի, հետաքրքրվել եմ նրանց առողջական վիճակով։ Ցավոք, թե՛ այրվածքները, թե՛ առողջական վիճակը բավականին բարդացնում է ընթացքը։ Հույս ունենք, որ բուժման ընթացքը կգնա դեպի ապաքինման։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց վիճակը դեպի լավացում է գնում»,- նշեց նախարարը։
Լրագրողների այն հարցին` արդյոք տեղյակ է՝ ինչից են առաջացել այրվածքները, նախարարը պատասխանեց, որ դա իրեն ուղղվելիք հարց չէ։
Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում պայթյուն էր գրանցվել, որից հետո հրդեհ էր բռնկվել։ Պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել էր, 3-ը` տուժել։
Տուժածներից երկուսը 70 և 66 տարեկան են. մահացածը` 73 տարեկան։ Նրանք բոլոր քրեական վարույթով ճանաչվել են տուժող։