ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Ուլյանովսկի մարզում մարդատար գնացքի և մանևրային լոկոմոտիվի բախման հետևանքով 25 մարդ է տուժել: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայություններին։
Նշվում է, որ Ադլեր-Պերմ երթուղու ուղևորատար գնացքի և մանևրային լոկոմոտիվի բախումը տեղի է ունեցել Կույբիշևի երկաթուղում։
Ուղևորատար գնացքում, ըստ գործակալության տվյալների, գրեթե 400 մարդ է եղել, այդ թվում՝ ավելի քան 90 երեխա: Վագոնները ռելսերից դուրս չեն եկել, իսկ երկաթուղային գծերն ու կոնտակտային գծերը չեն վնասվել։
Կույբիշևի երկաթուղու մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժածներից մեկն անչափահաս է:
Ուլյանովսկի մարզի առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել:
ՌԴ ՔԿ տրանսպորտի կենտրոնական միջտարածաշրջանային քննչական վարչության տվյալներով ՝ բախումը գրանցվել է Բրյանդինո-Տիինսկ ճանապարհի 962-րդ կիլոմետրին: