ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ռուս փրկարարները ջերմություն և սնունդ են ապահովում Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի մոտ արգելափակված վարորդներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը:
Վերջին մի քանի օրը, եղանակային վատ պայմաններով պայմանավորված, դադարեցվել է Լարսով բոլոր տեսակի ավտոտրանսպորտի անցուդարձը: Այսօր ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, սակայն ծանր բեռնատարների համար երթևեկություն դեռ չկա:
«Տեղական իշխանությունների հետ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները տաք սնունդ են կազմակերպել այն մարդկանց համար, ովքեր սպասում են ռազմավիրական ճանապարհի բացմանը, որով երթևեկությունը փակ է նոյեմբերի 19-ից: Բացի այդ, «Վերին Լարս» անցակետի անմիջական հարևանությամբ ՌԴ ԱԻՆ ուժերով ջեռուցման կետ է տեղակայվել, որտեղ կարելի է տաք թեյ խմել, լիցքավորել բջջային սարքերը և տաքանալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դաշտային խոհանոց է տեղակայվել Վլադիկավկազի մոտակայքում գտնվող ամենամեծ կայանատեղիներից մեկում, որտեղ տեղավորում է հազար բեռնատար:
Նշվում է, որ Վրաստանում եղանակի կանխատեսումն անբարենպաստ է, Ռուսաստանը Հարավային Կովկասին կապող ճանապարհի երթևեկությունը կարող է փակ մնալ ևս մի քանի օր: