ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԱԽ նիստում հայտարարել է, որ Գազայի հատվածում քաղաքացիական օբյեկտներում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետերի և բունկերների տեղակայման համոզիչ ապացույցներ չկան: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մտահոգություն են առաջացնում երեխաների զանգվածային սպանություններն ու վիրավորումները, որոնք թույլ է տալիս Իսրայելի բանակն իր գործողության ընթացքում, ինչպես նաև հարձակումները դպրոցների և հիվանդանոցների վրա, որոնց հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում։ Հարվածների թիրախ են դառնում նաև այլ քաղաքացիական օբյեկտներ` մզկիթներ, եկեղեցիներ, փախստականների ճամբարներ, ՄԱԿ-ի օբյեկտներ, որտեղ Գազայի կանայք և երեխաները ապաստան են փնտրում ռմբակոծություններից: Սա միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է»,-ասել է նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։