ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիբանանի ազգային տոնի կապակցությամբ հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիին շնորհավորել է` ժողովրդին մաղթելով հարատև խաղաղություն ու բարօրություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Լիբանանում նշվում է երկրի անկախության 80-րդ տարեդարձը։
«Մեր տարածաշրջանները ներկայում անցնում են մարտահրավերների և դժվարությունների լրջագույն շրջան, և ես լիահույս եմ, որ պետությունների խաղաղ գոյակցությունն ու ներդաշնակ փոխգործակցությունը կշարունակեն հանդիսանալ միջազգային հարաբերությունների հիմնասյունը»,– ասված է Փաշինյանի ուղերձում:
Նա ընդգծել է, որ հայ-լիբանանյան հարաբերություններն ունեն բարեկամության և համագործակցության` ժամանակի փորձություններով անցած հարուստ պատմություն։ ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ավելի խորացնել հարաբերությունների առկա բարձր մակարդակն ու ընդլայնել փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերում։
Փաշինյանը նաև Միկաթիին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: