Մուրադ Փափազյանը պահանջում է թույլ տալ իրեն ներկայանալ դատական նիստերին

Մուրադ Փափազյան
Մուրադ Փափազյանն ընդգծել է, որ պայքարելու է Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը դիմել է Հայաստանի արդարադատության համակարգին՝ պահանջելով վերականգնելու Հայաստան վերադառնալու իր իրավունքը և թույլ տալ ներկայանալ դատական նիստերին։
Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 13-ին Փափազյանը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, սակայն Ազգային անվտանգության ծառայությունը արգելել է նրա մուտքը երկիր։
«Դեպքերից 13 ամիս անց՝ 2023 թվականի օգոստոսի 21-ին, նախնական դատական նիստի ժամանակ դատավորը ԱԱԾ-ից պահանջեց ներկայացնել իմ՝ Հայաստան մուտքի արգելքի պատճառները։ Իրադարձություններից 13 ամիս անց նրանք չկարողացան նվազագույն պատճառներ ներկայացնել … Դատավորը 14 օր ժամանակ էր տվել Անվտանգության ծառայությանը՝ ներկայացնելու իմ հեռացման պատճառները, այսինքն՝ սեպտեմբերի 4-ը»,–սոցցանցի իր էջում գրել է նա։
Նրա փաստաբանները խնդրել են թույլ տալ Փափազյանին մասնակցել հաջորդ դատական նիստին, բայց դատավորը մերժել է, փոխարենն առաջարկել հեռակա կարգով մասնակցել:
«Անվտանգության ծառայությունն ի հարկե երբեք չի ներկայացրել պահանջվող տարրերը: Հոկտեմբերին իմացա, որ դատավոր են փոխել, և նոյեմբերի 23-ին, ժամը 14:30-ին, պետք է նոր նախնական դատական նիստ անցկացվի։ Դատավորի փոփոխության պատճառ չի նշվում»,–գրել է նա։
Փափազյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եթե իր պահանջները չկատարվի, նա կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի չեղարկի ԱԱԾ–ի անհիմն որոշումը:
Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։
Մուրադ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։