Իսրայելում միջուկային զենքի առկայությունը ստուգելու մասին Թուրքիայից առաջարկ չկա. ՌԴ ԱԳՆ

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է ստուգի Իսրայելում միջուկային զենքի առկայությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական առաջարկ չի ստացել Իսրայելում միջուկային զենքի առկայության ստուգման աշխատանքների վերաբերյալ, սակայն Անկարայից նման ազդանշաններ են գրանցվել: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Նոյեմբերի 23-ին Գազայի հատվածում հրադադար կհաստատվի. ՀԱՄԱՍ
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է ստուգի Իսրայելում միջուկային զենքի առկայությունը, իսկ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել էր, որ Թել Ավիվի միջուկային զենք ունենալը ռազմավարական խնդիր է, որը պետք է լուծել:
«Մենք այս պահին Անկարայից ահազանգեր ենք արձանագրել Իսրայելում միջուկային զենքի առկայության ստուգման ինչ-որ տեսչական մեխանիզմի ստեղծումը նախաձեռնելու մտադրությունների և այլ պետությունների հետ նման աշխատանքն ակտիվացնելու ցանկության մասին։ Այս կապակցությամբ պաշտոնական առաջարկներ կամ այլ դիմումներ մենք չենք ստացել։ Ըստ այդմ՝ ինչ-որ գնահատողական դատողություններ անելը վաղաժամ է», - ասել է Զախարովան։
Հավելենք, որ Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն ավելի վաղ Գազայի վրա ատոմային ռումբի նետումն անվանել էր հակամարտության զարգացման հնարավորություններից մեկը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
ԱՀԿ-ն Գազայի բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է արձանագրել, 534 մարդ է մահացել
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իրանը ՄՔԴ-ին հայց կներկայացնի Իսրայելի դեմ Գազայի հատվածում գործողությունների համար