ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում Արցախից բռնի տեղահանված մոտ 3000 բուժաշխատող կա, որոնք 2025 թվականի հունվարի 1-ից պետք է հավաստագրում անցնեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
Օրերս ՀՀ ազգային ժողովն ընդունեց բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրենքի փոփոխությունների մասին նախագիծը։ Բոլոր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման համար պետք է հավաստագիր ունենան, բայց օրենքով բացառություն է սահմանվում Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների համար։ Կարգավորումը կտարածվի նրանց վրա միայն 2025 թվականի հունվարի 1-ից։
«Հայաստանում ըստ վիճակագրական տվյալների, մոտ 3000 բուժաշխատող կա, որոնցից շուրջս 300-ը բժիշկ է, 600-700-ը` բուժքույր։ Նրանց մասին մենք բոլոր տվյալներ ունենք` որքան կրեդիտ պետք է հավաքեն, ինչ օրդինատուրայի ծրագիր պետք է անցնեն, ինչ կարճաժամկետ մասնագիտացման ծրագրի կարիք ունի և այլն։ Այս բուժաշխատողների մեծ մասին պետական պատվերով արդեն ուղղորդել են Երևանի պետական բժշկական համալսարան կամ Առողջապահության ազգային ինստիտուտ»,– ասաց Բազարչյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին 100-ից ավելի հավաստագրված արցախցի բուժաշխատող կա, որոնց մի մասը առաջնային հավաստագիր է ստացել (բժշկական բուհ ավարտելուց հետո են ստանում), իսկ մյուս մասը՝ 220 կրեդիտ (այսքան է սահմանված օրենքով ավագ բուժաշխատողների համար- խմբ.) հավաքածներն են։
Հիշեցնենք, որ արցախցիները չունեն այդ հավաստագրերը, քանի որ ԼՂ-ում չկար նման կարգավորում։