ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են վերցնում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր: ՀՀ ջրային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այսօր ընդունեցին Ազգային ժողովում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով` նման համակարգերը պետք է թույլ տան վերօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
Նախարարը նշեց, որ տնտեսող համակարգն արդեն իսկ օգտագործվել է Սևանա լճի իշխանի բուծման համալիրում` պետության կողմից հիմնադրված «Սևանի իշխան» համալիրում:
Ընդդիմությունը քննադատեց օրինագիծը՝ հայտարարելով, որ բիզնեսին պետք էր նախապես նախազգուշացնել նման համակարգեր տեղադրելու անհրաժեշտության մասին, որոնք բավականին ծախսատար են:
Նշենք, որ ձկնաբուծական ֆերմաները սկսեցին մասսայաբար բացվել Արարատյան դաշտում 2000–ականների սկզբին։ Այս ջրերի պաշարների անվերահսկելի շահագործումը հանգեցրել է դրանց սպառման, ինչը ազդել է կենսապայմանների և գյուղատնտեսության վրա։ Չնայած դրան` պետությունը երկար տարիներ ձկնաբույծներին ջրի խնայողության ոչ մի պահանջ չէր ներկայացրել։