ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ը պաշտպանական բնույթ է կրում, ոչ մեկին չի սպառնում, հանդես է գալիս փոխհարգալից երկխոսության օգտին։ Մինսկում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։
«Մեր կազմակերպությունը, ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, պաշտպանական բնույթ է կրում, որևէ մեկին չի սպառնում, չի միջամտում այլ պետությունների գործերին և միշտ հանդես է եկել և հանդես է գալիս փոխհարգալից երկխոսության և ողջամտության օգտին»,-լրագրողներին ասել է Ալեյնիկը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի արտաքին պարագծում բավական լարված իրավիճակ է պահպանվում:
«Արևմտյան թևում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ներուժի անհամաչափ և չհիմնավորված աճ է ընթանում, բազմապատկվում են ռազմական բյուջեները, զինված ուժերի քանակն ու դրանց կենտրոնացումը մեր սահմանների մոտ։ Անցկացվում են մեծ թվով վարժանքներ, այդ թվում՝ մեր կազմակերպության պատասխանատվության գոտու անմիջական հարևանությամբ։ Ընդ որում` հնարավորինս նվազում է թափանցիկությունը»,-շարունակել է նախարարը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ հարավային սահմանները ենթարկվում են անդրազգային բնույթի բազմաթիվ ու բազմաբնույթ մարտահրավերների ու սպառնալիքների, ինչպիսիք են ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի շարժը, անօրինական միգրացիան:
«Ուկրաինայի հակամարտությունը շարունակում է ցավոտ կետ մնալ և գլխավոր ապակայունացնող գործոն լինել արևելաեվրոպական տարածաշրջանում»,-նշել է Ալեյնիկը:
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական այս բարդագույն պայմաններում ՀԱՊԿ-ում բելառուսական նախագահության ջանքերն ուղղված են եղել կազմակերպության համախմբվածության բարձրացմանը, կազմակերպության պատասխանատվության գոտում ապակայունացման կանխմանն ու անդամ պետությունների անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի համախմբմանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ գործընկերներին հոկտեմբերին Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության հարցերով խորհրդաժողովում 21-րդ դարի Բազմազանության խարտիայի մշակման նախաձեռնությանը աջակցելու համար: