ՀԱՊԿ ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել անվտանգության մոտեցումների վերաբերյալ

ԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները Մինսկում
Հանդիպմանը համաձայնեցվել է շուրջ 20 փաստաթուղթ, այդ թվում՝ կազմակերպության խաղաղապահ նորակազմերին վերաբերող:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Համատեղ նիստի արդյունքներով հավանության են արժանացել և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր քաղաքական և ռազմաքաղաքական ոլորտներում, ինչպես նաև արդի մարտահրավերներին և անվտանգային սպառնալիքներին հակազդեցության ոլորտում: Մոտ 20 փաստաթուղթ: Մասնավորապես, կցանկանայի նշել երկու կարևոր փաստաթուղթ», -լրագրողներին ասել է Բելառուսի արտգործնախարար Ալեյնիկը ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո։
Նրա խոսքով՝ առաջին փաստաթուղթը ՀԱՊԿ արտգործնախարարների հայտարարությունն է եվրասիական տարածքի անվտանգության ապահովման շուրջ ընդհանուր մոտեցումների մասին, որն առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում ընթացիկ ռազմաքաղաքական իրավիճակում:
Երկրորդ փաստաթուղթը ՀԱՊԿ ԱԳՆԽ և ԱԽՔԿ համատեղ որոշումն է ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված ՀԱՊԿ անդամ պետությունների լրացուցիչ միջոցների ցանկի մասին։ Այս հարցը կարևորություն է ստանում վիրտուալ տարածքում աճող մարտահրավերների և սպառնալիքների համատեքստում», - ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ նիստի մասնակիցները համաձայնեցրել են մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնք ուղղված են կազմակերպության ամրապնդմանն ու անդամ պետությունների անվտանգության բարձրացմանը: «Դրանք կառաջարկվեն պետությունների ղեկավարների քննարկմանը Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը կկայանա վաղը Մինսկում»,-ասել է Ալեյնիկը:
Նա նաև նշել է, որ նիստի ընթացքում ղազախական կողմը տեղեկություն է ներկայացրել 2024 թվականին ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության ընթացքում գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին։
«Մենք, անշուշտ, աջակցում ենք և ամեն կերպ աջակցելու ենք դրանց իրականացմանը։ Ի դեպ, բելառուսական մի շարք առաջնահերթություններ նույնպես ուղղված են երկարաժամկետ հեռանկարին։ Հուսով ենք, որ դա կարտացոլվի հետագա աշխատանքի ծրագրում»,-ասել է նա՝ հաջողություն մաղթելով Ղազախստանին։
ՀԱՊԿ-ի նորմատիվային բազան թույլ է տալիս փաստաթղթերը ստորագրել կողմերից մեկի բացակայության դեպքում, եթե այդ կողմը դեմ չէ, @SPUTNIKBY-ին հայտնել է աղբյուրը՝ մեկնաբանելով Հայաստանի բացակայությունը Մինսկում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ԱԳՆ, ՊՆ ղեկավարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին:
Հանդիպմանը համաձայնեցվել է շուրջ 20 փաստաթուղթ, այդ թվում՝ կազմակերպության խաղաղապահ զորակազմերին վերաբերող:
Վաղը Բելառուսի մայրաքաղաքում կկայանա ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը տեղի կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չեն մասնակցի նոյեմբերի 22-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
ՀԱՊԿ-ը պաշտպանական բնույթ ունի և որևէ մեկին չի սպառնում. Բելառուսի արտգործնախարար