Հայ–իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. Խաչատուրյան

Ասուլիսի ժամանակ
ՀՀ նախագահը նշում է, որ երկկողմ օրակարգը բավականին ընդգրկուն է և ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրաքի հանրապետությունների միջև ձևավորված հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում։ Այս մասին Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նշենք, որ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Իրաքի առաջին նախագահն է, որը պաշտոնական այց է կատարում Հայաստան։
«Վստահ եմ, որ ձեր այցը նոր էջ կբացի հայ–իրաքյան հարաբերություններում, ինչպես նաև հզոր լիցք կհաղորդի բարեկամ պետությունների միջև բազմաոլորտ համագործակցությանը։ Այսօր հայ–իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում։ Երկկողմ օրակարգը բավականին ընդգրկուն է և ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ` առևտրային և տնտեսական հարաբերություններից մինչև կրթամշակութային, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ»,– ասաց Խաչատուրյանը։
Նա ընդգծեց, որ երկու երկրի միջև հարաբերությունների դինամիկ զարգացման համար հիմք են հանդիսանում ինչպես հայ–արաբական պատմամշակութային առնչությունների հարուստ անցյալը, այնպես էլ Իրաքում դարերի պատմություն ունեցող հայ համայնքի ներկայությունը։
Խաչատուրյանը շեշտեց, որ մերձարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է։
«Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում»,– նշեց ՀՀ նախագահը։
Հիշեցնենք, որ Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։