ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց Խորվաթիայի ընտրանուն։
Խորվատիայի ընտրանու հարձակվող Անդրեյ Կրամարիչը Հայաստանի հավաքականին խփած գոլից հետո (2023թ․ նոյեմբերի 21). Զագրեբ
© AFP 2024 / DENIS LOVROVIC
Խաղից առաջ էլ պարզ էր, որ խորվաթների հաղթանակը Եվրո-2024-ի ուղեգիր էր ապահովում նրանց, իսկ մեր ընտրանին այդ առումով հավակնություններ չուներ։ Բայց դա չէր նշանակում, որ մերոնք մոտիվացված չէին կամ չէին ուզում հաղթել։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ Խորվաթիայի հավաքականն այսօր Եվրոպայի և նույնիսկ աշխարհի լավագույն թիմերից մեկն է։ Ինչևէ, Ալեքսանդր Պետրակովը, որը Ուելսի հավաքականի հետ խաղի համեմատ մեկնարկային կազմում չորս փոփոխություն էր կատարել (որոնցից երկուսը ստիպված), խաղի նախօրեին հավատում էր, որ մեր թիմը պայքարելու է իր հնարավորությունների առավելագույն սահմաններում։
Հանդիպման սկզբում գնդակին ավելի շատ տիրում էին խորվաթները, մեր հավաքականը երբեմն ստիպված էր լինում պաշտպանվել համարյա ամբողջ կազմով։ Հայաստանի հավաքականը առաջին վտանգավոր գրոհը ձեռնարկեց խաղի 22-րդ րոպեին, երբ Հրանտ Ռանոսը փորձում էր եզրափակել Նաիր Տիկնիզյանի փոխանցումից հետո մեր գրոհը։ Իսկ 30-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը գոլ խփելու իրական հնարավորություն ուներ ու, դուրս գալով դարպասապահի դիմաց, փորձեց բացել հաշիվը, բայց Դոմինիկ Լիվակովիչը փրկեց իր թիմին։
Պայքար գնդակի համար Կամո Հովհաննիսյանի ու Լուկա Իվանուշեցի միջև Եվրո-2024 որակավորման փուլի Խորվատիա - Հայաստան հանդիպման ժամանակ (2023թ․ նոյեմբերի 21). Զագրեբ
© AFP 2024 / DENIS LOVROVIC
Մրցակցի մեկնարկային ակտիվությունը աստիճանաբար նվազեց, բայց պարզ էր, որ մեր հավաքականի հիմնական զենքն այս խաղում հակագրոհն էր։ Խորվաթները շարունակում էին մեր թիմին ճնշելու փորձերը։ Ու ընդմիջման գնալուց երկու րոպե առաջ դաշտի տերերը բացեցին հաշիվը։ Անտե Բուդիմիրը մոտ տարածությունից գրավեց մեր թիմի դարպասը։
Երկրորդ կեսում խաղի հիմնական պատկերը չփոխվեց, խորվաթները ունեին տարածքային ու խաղային առավելություն։ Մեր հավաքականին մի քանի անգամ փրկեց դարպասապահ Օգնեն Չանչարևիչը։
Դարպասապահ Օգնեն Չանչարևիչը Եվրո-2024 որակավորման փուլի Խորվատիա - Հայաստան հանդիպման ժամանակ (2023թ․ նոյեմբերի 21). Զագրեբ
© AP Photo / Darko Bandic
Երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստները հիմնականում պաշտպանվեցին, ու առջևի գծում մեր թիմը ոչ մի գոլային դրվագ ստեղծել չկարողացավ։ Խորվաթները, ինչպես և Երևանում կայացած խաղում, հաղթեցին նվազագույն հաշվով, բայց այս հաղթանակը Լուկա Մոդրիչին ու նրա խաղընկերներին արդեն Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր ապահովեց։ Իսկ մեր հավաքականն ավարտեց իր ելույթները՝ խմբում զբաղեցնելով 4-տեղը։