Գերմանիան 84.6 մլն եվրո կտրամադրի Հայաստանի կրթության ու էներգետիկայի զարգացման համար

Ճեպազրույցի ժամանակ
ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարն ընդգծել է, որ ցանկացած ներդրում պետք է արվի տարածաշրջանային խնդիրների հաղթահարմամբ, և այդ պատճառով Գերմանիան մեծապես գնահատում է ՀՀ վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ և Գերմանիայի միջև ստորագրված միջկառավարական բանակցություններին վերաբերող արձանագրությունը լավ ու հստակ ուղերձ է աշխարհին, որ երկու երկրները համագործակցության նոր ճանապարհ են բացում։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ ստորագրած համաձայնագրից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում մեկնարկել են երկօրյա Հայ–գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները։
«ՀՀ–ն ևս մեկ անգամ փաստում է, որ ժողովրդավարության ուղղությամբ հանձնառություն է ստանձնել։ Մենք այս համաձայնագրով փորձելու ենք ամրապնդել ՀՀ մարզերի կարողությունները` համապատասխան ծառայությունների տրամադրման ուղղությամբ»,– նշեց պետքարտուղար Աննենը։
Նա ընդգծեց, որ իրենց կողմից առանձին աջակցություն է նախատեսված ՀՀ կառավարությանը` ԼՂ–ից բռնի տեղահանվածներին ինտեգրելու և աջակցելու համար։
Նիլս Աննենը նաև ընդգծեց ՀՀ հետ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, որը հնարավորություն կտա վերականգնվող էներգետիկայի բնագավառում երկարաժամկետ հատվածում նվազեցնել ՀՀ–ում էլեկտրաէներգիայի գինը։
Գերմանիան Հայաստանին առաջարկում է ավելի խորը և սերտ համագործակցություն. Անալենա Բերբոք
«Մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնելու ՀՀ էներգետիկ անկախության ամրապնդմանը։ Այս բանակցություններում ներգրավված են երկու կառավարությունները, սակայն կան նաև գերմանական ընկերություններ, որոնք նույնպես շահագրգռված են ու մասնակցում են այդ բանակցություններին։ Գերմանիայում բոլորն էլ տեսնում են, որ ՀՀ–ում ներդրումների միջավայրի բարելավման համար բազմաթիվ ջանքեր են գործադրվել։ Մենք առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես, ՀՀ–ում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ։ Մենք հավելյալ ներդրումներ կանենք, որ այս ոլորտում ձեռքբերվածը պահպանվի և էլ ավելի զարգանա»,– ընդգծեց գերմանացի պաշտոնյան։
Ըստ նրա` ցանկացած ներդրում պետք է արվի տարածաշրջանային խնդիրների հաղթահարմամբ, և այդ պատճառով Գերմանիան մեծապես գնահատում է ՀՀ վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։
«Այս հանգամանքը մենք ևս մեկ անգամ կներկայացնենք գերմանական մեր բիզնեսներին և հուսով ենք, որ նրան, միջավայրը հաշվի առնելով, կշարունակեն կամ կավելացնեն իրենց ներդրումները։ Պարտադրել չեմ կարող, սակայն կարող եմ առաջարկել միայն»,– նկատեց Նիլս Աննենը։
Նա նաև տեղեկացրեց, որ առանձին համաձայնություն է ձեռքբերվել ՀՀ ԿԲ հետ` ՓՄՁ–երին աջակցելու համար, որը հնարավորություն կտա նրանց համար բարձրացնել վարկային միջոցների հասանելիությունը, ձևավորել մեկնարկային կապիտալ և բացել բազմաթիվ աշխատատեղեր։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին ավելացրեց, որ հայ–գերմանական այս բանակցությունները 2014 թ. ի վեր առաջին պաշտոնական բանակցություններն են, երբ քննարկվել են տնտեսական զարգացման ուղղությամբ բազմաթիվ հարցեր։
Նախարարը տեղեկացրեց, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ՀՀ–ին կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն` վարկերի և դրամաշնորհների տեսքով։ Դրանք ուղղված կլինեն միջին մասնագիտական տեխնիկական կրթության, նաև` վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերի իրականացման համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թ. հունվար–սեպտեմբերին կազմել է 500 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36․9%-ով։