ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանը հայկական կողմին սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին հրավերներ է ուղարկվել` առաջարկելով բանակցություններ անցկացնել և՛ Մոսկվայում, և՛ բազմակողմ միջոցառումների տարբեր հարթակներում, սակայն մինչև հիմա հստակ պատասխան չի ստացել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Ռուս լրագրողը մեջբերեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, որը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ տեղյակ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական կողմի ներկայացրած առաջարկներից։
«Երևանը շտապում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ անցկացնել Վաշինգտոնում, Բրյուսելում, թեև ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն չեն կարող բարեխիղճ միջնորդ համարվել մի շարք պատճառներով»,- ասաց Զախարովան։
Նա շեշտեց՝ նրանց նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելն է, տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմները քանդելը։ Ըստ Զախարովայի` նրանք առանց ամաչելու գողանում են Ռուսաստանի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնագիրը՝ հարմարեցնելով իրավիճակին։
«Դրա համար էլ իրական ձեռքբերում նրանց միջնորդությունից չկա ու չի էլ կարող լինել, որովհետև նրանց նպատակն այլ է։ Երևանի վստահությունը, որ Արևմուտքը նրանց օգնելու է, տապալվել է, դա անհնար է չտեսնել»,- հայտարարեց Զախարովան։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։