ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբեր – Sputnik. Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղենշային սկզբունքները։ Այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչությունից։
Նա այսօր ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպման ժամանակ
Քաղաքական հարցերի քննարկմանը Խաչատրյանը ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող նոյեմբերի 17-ի որոշման մանրամասները և Ադրբեջանի իրավական պարտավորությունները։
«Դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Նա անդրադարձել է Հայաստանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողների նոյեմբերի 6-8-ը Հայաստան իրականացրած այցին, որի արդյունքում ԵԽԽՎ համազեկուցողները նշել են, որ Հայաստանի իշխանության և բնակչության համերաշխության շնորհիվ Ադրբեջանի ռազմական հարձակումից և դրան նախորդած ինը ամսվա մեկուսացումից հետո Լեռնային Ղարաբաղի հայերը Հայաստանում գտել են արժանապատիվ կացարան և ստացել հրատապ օգնություն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։