ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստում միաձայն՝ 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Օրենսդրական այս փոփոխություններով սահմանվեցին Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակ և նպաստ ստանալու առանձնահատկությունները, հաշվարկելու կարգը։
Այսպիսով` ՀՀ–ում կենսաթոշակ և նպաստ ստանալու համար հաշվի կառնվեն ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը ՀՀ–ում։
Եթե անձի կենսաթոշակային տարիքը լրացել է սեպտեմբերի 19–ի տեղահանումից հետո, ապա նա կարող է դիմել ՀՀ–ում գործող համապատասխան սոցիալական տարածքային կենտրոններ ու ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, այնպես էլ նրանք կանցնեն նույն ընթացակարգերը ու կստանան կենսաթոշակ։
Հոկտեմբերի, նոյեմբեր ամիսների կենսաթոշակներն ու նպաստները ԼՂ–ից բռնի տեղահանվածներին կտրամադրվեն դեկտեմբերին։
Նշենք, որ ԼՂ–ից բռնի տեղահանված 101 հազար անձանցից մոտ 15 հազարը թոշակառուներ են, որոնք կշարունակեն կենսաթոշակ ստանալ նաև ՀՀ–ում, երբ նրանց նույնականացման գործընթացն ավարտվի։