ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ավագ քաղաքական խորհրդական Օլեքսանդր Պավլյուկը քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները։
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները նաև անդրադարձել տարածաշրջանային քաղաքական և անվտանգային զարգացումներին:
«Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների անխախտելիությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին` Արայիկ Հարությունյանը կարևորել է ՎԶԵԲ հնարավոր գործիքակազմերով փախստականների հումանիտար, վաղ վերականգնման ու այլ կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը։
Մտքեր են փոխանակվել նաև 2024թ. ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստական աշխատանքների, կառավարության ընթացիկ բարեփոխումների շուրջ:
Հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է վերականգնելու Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀ–ն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիս–արևմտյան շրջանների հետ։ Նրա խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։