Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք․
Sputnik
▪️ Հայաստանում է Իրաքի նախագահը։ Նախատեսված են Իրաքի նախագահի հանդիպումները Հայաստանի ղեկավարների հետ։
▪️ Հայաստանի ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը չեն մասնակցի վաղը Մինսկում կայանալք ՀԱՊԿ նիստին։ Արարատ Միրզոյանն իր չմասնակցելու մասին տեղեկացրել է Բելառուսի արտգործնախարարին․ հեռախոսազրույցը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ։ Սուրեն Պապիկյանի ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց Պաշտպանության Նախարարության խոսնակը։
▪️ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար 4 միլիոն 100 հազար դոլար լրացուցիչ գումար կտրամադրվի։ Նա այդ մասին գրել է X–ի իր միկրոբլոգում։ Ի պատասխան՝ Ալիևի օգնականը հայտարարել է, որ Ադրբեջանում կարգելվի USAID–ի գործունեությունը։ Հիքմեթ Հաջիևը X–ի իր միկրոբլոգում Սամանտա Փաուերին մեղադրել է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության բարերար, այժմ Բաքվում կալանավորված Ռուբեն Վարդանյանի հետ գործակցելու համար։ «Դիմակը պատռված է։ USAID–ին այլևս տեղ չունի Ադրբեջանում»,– գրել է Հաջիևը։
▪️ ԵԱՏՄ բոլոր երկրներում աճ է գրանցվել շինարարության ոլորտում։ Այս տարվա հունվարից սեպտեմբեր ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 9 %-ով։ Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հայաստանում՝ մոտ 33 %։
▪️ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ սկսել Պաղեստին պետության ստեղծման շուրջ բանակցությունները վերսկսելու շուրջ նախապատրաստական աշխատանքները:
▪️ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը պայմանավորվել են քառօրյա հրադադարի, այդ ընթացքում Գազայի հատվածում հյուսիսից հարավ ազատ տեղաշարժի մասին։ 150 պաղեստինցի կին և մինչև 19 տարեկան երեխա ազատ կարձակվեն, հաղորդում է ՀԱՄԱՍ-ը։ Իսրայելի կառավարությունը հաստատել է շուրջ 50 իսրայելցի պատանդների՝ հիմնականում կանանց և երեխաների ազատ արձակման համաձությունը։
▪️ «Կառավարական թաղամասի նախագծման աշխատանքները դեռ չեն սկսվել, քանի որ տարածքը դեռ ընտրված չէ»,- Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը պատասխանել է քաղաքաշինության կոմիտեն։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ աշխատանքային գործընթացների առավելագույն արդյունավետության համար անհրաժեշտ է հեռացնել պետական կառավարման համակարգը Երևանի կենտրոնից։
▪️ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական դպրոց կունենա։ Կուսակցության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարցը քննարկել են վարչության նիստում, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։
▪️ Երևանի Նորքի այգիների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է քիմիական թմրանյութերի լաբորատորիա։ Ոստիկանությունը հայտնում է, որ տունը վարձակալել է 37-ամյա մի տղամարդ, որը կանեփն աճեցրել, թմրանյութ է պատրաստել ու իրացրել է 36-ամյա օտարերկրացու հետ: Նրանց փնտրում են։
▪️ «Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերին սկսում է Երևան–Մինվոդի կանոնավոր չվերթեր։ Առաջին թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 5–ին, այնուհետև յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ։ Ավիատոմսի 1 ուղղության արժեքն առանց ուղեբեռի 32 հազար դրամ է, ուղեբեռով` 41 հազար դրամ։ Թռիչքի տևողությունը 1 ժամ 10 րոպե։
▪️ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Բեռնատարների համար ճանապարհը դեռ փակ է: