2023–ը բարդ տարի էր ՀԱՊԿ–ի և կազմակերպության անդամների համար. Բելառուսի արտգործնախարար

Սերգեյ Ալեյնիկ
Ալեյնիկի խոսքով` ՀԱՊԿ շրջանակում անցկացվող միջոցառումներն առանձնանում են բարեկամական և ջերմ մթնոլորտով, դա միշտ համարվել է ՀԱՊԿ բոլոր միջոցառումների այցեքարտը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. 2023 թվականը չափազանց բարդ և լարված տարի էր ՀԱՊԿ-ի և նրա անդամների համար։ Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկն այս հայտարարությունն արել է Մինսկում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում:
«Այսօր մենք պետք է ամփոփենք տարվա արդյունքները մեր համատեղ նիստի ձևաչափով։ Վաղը 2023 թվականի աշխատանքի արդյունքները կքննարկեն մեր ղեկավարները՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները։ Այս տարին չափազանց բարդ ու լարված էր թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ նրա անդամ պետությունների, թե՛ կազմակերպությունում բելառուսական նախագահության համար»,-Ալեյնիկի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մինսկը ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնել է միջազգային հարաբերություններում համակարգային ճգնաժամի և եվրասիական մայրցամաքում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման ժամանակաշրջանում:
«Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց իրականացնել գրեթե բոլոր նախատեսված միջոցառումները։ Ընթացիկ տարում Մինսկը, առանց չափազանցության, դարձավ ՀԱՊԿ-ի մայրաքաղաքը՝ հանդիպումներ անցկացրին արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները, խորհրդարանականները, կազմակերպության համակարգող կառույցները, որոնք պատասխանատու են անդրազգային մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին հակազդելու համար»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ հոկտեմբերին Մինսկում անցկացվեց Եվրասիական անվտանգությանը նվիրված միջազգային համաժողով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների և կազմակերպության քարտուղարության ակտիվ մասնակցությամբ:
«Մենք այսօրվա նիստին մոտեցել ենք անցկացված միջոցառումների պատկառելի ուղեբեռով, պատրաստված փաստաթղթերով և ապագայի պլաններով․․․ Վստահ եմ, որ հիմա մենք կկարողանանք, ինչպես միշտ, վստահ ու բաց կերպով մտքեր փոխանակել տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ և ստորագրել համաձայնեցված փաստաթղթեր, որոնց մեծ մասն այնուհետև կհասնի Հավաքական անվտանգության խորհրդի անդամների սեղանին»,-ասել է Ալեյնիկը։
Նա նկատել է, որ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումներն առանձնանում են բարեկամական և ջերմ մթնոլորտով, և հայտարարել, որ դա միշտ համարվել է ՀԱՊԿ բոլոր միջոցառումների այցեքարտը:
Նախարարը հավելել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կխոսի կազմակերպության պատասխանատվության տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և միջնստաշրջանային ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության մասին, այնուհետև Ղազախստանի ներկայացուցիչները կպատմեն 2024 թվականին կազմակերպությունում իրենց ապագա նախագահության առաջնահերթությունների մասին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կտեղեկացնի նիստում քննարկման համար նախապատրաստված փաստաթղթերի մասին, և մասնակիցները կանցնեն դրանց ստորագրմանը:
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում կքննարկեն տարածաշրջանների ռազմաքաղաքական իրավիճակը և կազմակերպության գործունեությունը միջնստաշրջանային ժամանակահատվածում, ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության ընթացքում գործունեության գերակա ուղղությունները:
Վաղը Բելառուսի մայրաքաղաքում սպասվում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը տեղի կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ին հայտարարեց, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Ավելի ուշ նա խորհրդարանում ասաց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:
Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Մինսկը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ն, որի կազմում վեց պետություն է՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։