Վիճաբանություն Երևանի ավագանու նիստում. օրակարգից 5 հարց դուրս եկավ

Ավագանու նիստ. Արխիվային լուսանկար
Օրակարգից 5 հարց դուրս եկավ, քանի որ ավագանին բավական ժամանակ չէր ունեցել դրանք ուսումնասիրելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Երևանի նորընտիր ավագանին գումարել է իր 1-ին նստաշրջանի երկրորդ նիստը: Ի սկզբանե օրակարգում ընդգրկված էր 19 հարց, որից զեկուցվող էր միայն 6-ը: Սա առաջացրեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանի դժգոհությունը։ Նա հայտարարեց, որ չպետք է չզեկուցվող հարցեր լինեն։ Հայտարարվեց ընդմիջում, որի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի և ավագանու ընդդիմադիր անդամների միջև։
Ընդմիջումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ օրակարգից 5 հարց դուրս է գալիս, քանի որ ավագանին բավական ժամանակ չի ունեցել դրանք ուսումնասիրելու համար։
«Օրակարգի նախագծից հանում եմ 9–րդ, 10–րդ, 14–րդ, 18–րդ և 19–րդ հարցերը»,–ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` հարցերից 2–ը վերաբերում են հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն։ Հանձնաժողովում քննարկումների ընթացքում ի հայտ են եկել որոշակի մտահոգություններ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
Ավինյանը պարզաբանեց, որ Երևանի ավագանուն հնարավորություն կտրվի մանրամասն ուսումնասիրելու հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու պրոցեսը և փուլերը։ Օրակարգի նախագծից դուրս եկած հարցերից մեկը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կառուցվածքին։ Նախագիծը շատ սեղմ ժամկետներում է ուղարկվել ավագանուն։
Նա նշեց, որ նախագծով որոշակի օպտիմալացումներ են սպասվում, որոշ վարչությունների փակում կամ միավորում։ Հարցերից մեկն էլ վերաբերում է գույքն անհատույց օտարելուն, մյուսը` ընդունված որոշումներից մեկում փոփոխություն կատարելուն։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտարարեց, որ իրենք նախագիծ են բերել, որ առհասարակ Երևանի ավագանիում չլինեն չզեկուցվող հարցեր:
«Երևանի ավագանին գործադիր մարմին չէ և չի կարող լինել որևէ հարց, որը չլինի հանրային և հրապարակային։ Իշխող ուժը պետք է հասկանա, որ այլևս չի լինելու «ինչ ուզենք՝ կանենք»-ը: Նույնիսկ «Հանրապետության» հետ կոալիցիա կազմելով չեն կարողանալու ընդդիմության կարծիքի հետ հաշվի չնստել»,-ասաց նա:
Նա հիշեցրեց, որ օրենքն ամրագրում է, որ Երևանի ավագանու նիստը պետք է անցնի հրապարակայնորեն:
Քանի որ բարձրացվել էր չզեկուցվող հարցերը զեկուցվող դարձնելու հարցը, տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքում 26 կողմ, 9 դեմ և 1 ձեռնպահ ձայներով բոլոր հարցերը դարձան զեկուցվող։
Օրակարգում մնաց ընդգրկված 14 հարց։