Սուրեն Պապիկյանը նույնպես չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Սուրեն Պապիկյան
Մինչ այս ՀԱՊԿ նիստերին չմասնակցելու մասին հայտնել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցի նոյեմբերի 22-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ վաղը` նոյեմբերի 22-ին, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ է կայանալու։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս չի մասնակցելու այդ նիստին։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:
Աճպարարությունը, որ անում է ՀԱՊԿ–ն, անընդունելի է. Ալեն Սիմոնյան
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չմասնակցեցին նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չմասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։