Պարեկներին 80.000 դրամ կաշառք առաջարկած անձը ձերբակալվել է

Արխիվային լուսանկար
Պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան` տեխնիկական զննության ժամկետն անցած լինելու պատճառով, բայց թմրանյութ են հայտնաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 4 աշխատակիցներին կաշառք առաջարկելու և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ նախաքննության տվյալների՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու աշխատակիցներ նոյեմբերի 20-ին Նուբարաշենի խճուղում կանգնեցրել են Ա. Հ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան` տեխնիկական զննության ժամկետն անցած լինելու պատճառով։
Այդ ընթացքում պարեկները նկատել են, որ ավտոմեքենայում գտնվող ուղևորը՝ Ա. Ս.-ն, գրպանից հանել և նետել է կաթուցիչով թմրամիջոցը։ Պարեկային ծառայողները կանչել են իրենց երկու այլ ծառայակիցներին:
Ա. Ս.-ն դեպքի վայր ժամանած պարեկային ծառայողներից մեկին առաջարկել է առանձին զրուցել։ Իրենց բաց թողնելու և արձանագրություն չկազմելու դիմաց անձը պարեկներից յուրաքանչյուրի համար առաջարկել է 20.000-ական դրամ կաշառք:
ՆԳՆ ոստիկանության բաժիններից մեկի ղեկավարը կաշառք է առաջարկել այլ ստորաբաժանման ծառայողին
Ա. Ս.-ն ձերբակալվել է ապօրինի թմրամիջոց պահելու, ինչպես նաև վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց պարեկային ծառայության 4 աշխատակիցներին ընդհանուր 80.000 ՀՀ դրամ կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: