ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Երևանում կտեղադրվեն բանաստեղծ Յուրի Սահակյանի, ֆիզիկոս Ալպիկ Մկրտչյանի, Երևանի ոսկերչական գործարանի նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ։ Համապատասխան որոշումներն ընդունվեցին Երևանի ավագանու նիստում։
Հայ բանաստեղծ, մանկագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի Լենինգրադյան փողոցի 52 հասցեում, որտեղ և նա բնակվել է։ Հուշատախտակի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ընտանիքը։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների իսնտիտուտ ՊՈԱԿ–ի հիմնադիր տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, ֆիզիկա, մաթեմատիկա գիտությունների դոկտոր–պրոֆեսոր Ալպիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կտեղադրվի Հրաչյա Քոչարի փողոց հ.20 հասցեում։ Հուշատախտակի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ընտանիքը։
Երևանի ոսկերչական գործարանի նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն էլ, ավագանու որոշմամբ, կփակցվի Արշակունյաց պողոտա 12 հասցեում՝ Ոսկերչական գործարանի պատին:
Միջնորդությունը ներկայացվել է Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Տիգրան Երոյանի կողմից: Ծախսերը հոգալու է Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ-ն:
Ավագանու որոշմամբ՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Բագրատունյաց փողոցի հ. 34Ա հասցեում։ Միջնորդությունը ներկայացվել է որդու կողմից. ֆինանսական կողմը հոգալու է ընտանիքը: