ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իրանի իշխանությունները պատրաստվում են մինչև 2024 թվականի գարուն նավթի արդյունահանման ծավալները հասցնել օրական 4 մլն բարելի, այս պահին նավթի արդյունահանումը կազմում է 3,4 մլն բարել: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։
«Նավթի արդյունահանումը մինչև այս տարվա վերջ կհասնի օրական 3 մլն 600 հազար բարելի և ջանքեր են գործադրվում մինչև հաջորդ տարվա գարուն օրական 4 մլն բարել արդյունահանման մակարդակին հասնելու համար», — ասել է Օուջին, հաղորդում է IRNA-ն:
Նա նաև հավելել է, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել նավթարդյունաբերության ոլորտում 47,5 միլիարդ դոլարի ներդրումներով 50 նոր նախագծերի մշակմանը, այն դեպքում, երբ այժմ նավթարդյունաբերությունում ընդհանուր առմամբ իրականացվում է 76 մլրդ դոլարի 182 նախագիծ ՝ նավթի արդյունահանման և վերամշակման արտադրական հզորությունների ավելացման նպատակով: