ՀՀ–ն բազմիցս հայտարարել է` պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների. Արշակյան

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով` Հայաստանը երբեք չի խուսափել բանակցություններից և բանակցությունների է մասնակցել բոլոր այն պլատֆորմներում, որոնք համարել է արդյունավետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններին, ավելին` փոխանակվում են տարբեր նախագծեր խաղաղության պայմանագրի մասին։ Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Երբ փաստաթուղթ է գալիս Երևան, այստեղից առաջարկներով գնում է Բաքու։ Այդ դեպքում այդ փաստաթղթի շրջանառության մեջ որևէ մեկը ներկա՞ է։ Իմ կարծիքով` ոչ. ներկա է երկու կողմ։ Եթե այլ ձևաչափերի մասին է խոսակցությունը գնում, ինչ–որ բաներ փոփոխելու մասին, թույլ տվեք` այդ մասին հիմա չմեկնաբանեմ»,– ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։
Ըստ նրա` Հայաստանը երբեք չի խուսափել բանակցություններից և բանակցությունների է մասնակցել բոլոր այն պլատֆորմներում, որոնք համարել է արդյունավետ։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 30–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքը համաձայնեցված է, իսկ նոյեմբերի 3–ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման առաջարկների փոխանակման 6-րդ փուլն են վարում։