ՀՀ օրակարգում ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չկա. Արշակյան

Հակոբ Արշակյան. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ այսօր հայկական բանակն ունի սպառազինության տարբեր մատակարարներ, որոնք նախկինում չուներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ օրակարգում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չկա։ Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ՀԱՊԿ գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը։
«Նման հարց չի քննարկվել։ Իսկ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության պատասխանատվության տարածքը։ Ցավոք, այդ տարածքն ու ՀՀ կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել, դա է խնդիը։ Եվ այս մասին ՀԱՊԿ-ի հետ աշխատանքներում բաց խոսվել է»,– ասաց նա։
Արշակյանը վստահեցրեց, որ այլ մանրամասների չի տիրապետում, թե այդ փաթեթում էլ ինչ է ներառված, մասնավորապես՝ արդյոք Հայաստան ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասին դրույթ կա՞ր, թե՞ ոչ։
Արդյոք ՀՀ իշխանություններն անվտանգային այլընտրանքային համակարգեր արդեն դիտարկում են, թե ոչ հարցին ԱԺ փոխխոսնակ պատասխանեց` ասելով, որ դրանք միայն պայմանագրեր չեն, դրանք սպառազինություն են, զինվորներ են։
«Տեսնում եք, որ առնվազն սպառազինությունների ձեռքբերման առումով արդեն պայմանագրեր կան, և ՀՀ–ն դրանք արդեն օգտագործում է»,– նշեց Արշակյանը։
ՀՀ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու աշխատանքները շարունակվում են. քարտուղարություն
Ըստ նրա` այսօր հայկական բանակն ունի սպառազինության տարբեր մատակարարներ, որոնք նախկինում չուներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13–ին սոցցանցերում և Telegram ալիքներում հայտնվել են Վրաստանում գտնվող ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաների լուսանկարներ. նշվում էր, որ դրանք ուղևորվում են Հայաստան:
ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանել ֆրանսիական զրահամեքենաների մատակարարման մասին լուրերը:
Հիշեցնենք նաև, որ Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու առաջարկին։