Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը

ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ–ն հայկական ԶԼՄ-ներին կոչ է անում չշրջանառել օտարերկրյա քարոզչամեքենայի կեղծ թեզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, գրում է «Արմենպրես»-ը։
Նշենք, որ վերջին օրերին օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ ադրբեջանական, լուրեր են տարածվում, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։
«ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»,–գրում է կայքը։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներ գրել էին, որ Երևանը մտադիր է Կիևին փոխանցել «Տոչկա» օպերատիվ մարտավարական հրթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր։ Իբր, Հայաստանը սկսել է ստանալ արևմտյան զենքեր և Ուկրաինային որոշել է տալ խորհրդային զինատեսակների ավելի հին մոդելները։