Եվրախորհրդարանը ներողություն է խնդրել X սոցցանցում հրապարակած գրառման համար

Եվրախորհրդարանը հրապարակել է համաշխարհային քարտեզի իր նոր տարբերակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանը ներողություն է խնդրել X սոցցանցում արված գրառման համար, որտեղ Ղրիմը համաշխարհային քարտեզում նշված էր որպես Ռուսաստանի մաս, և իր հետևորդներին խոստացել է «ուղղվել»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր առավոտյան Եվրախորհրդարանը X սոցցանցի իր էջում ԵՄ–ի միջազգային առևտրին նվիրված քարտեզ էր հրապարակել, որում Ղրիմը նշված էր Ռուսաստանի կազմում։ Հետևորդներն արձագանքել էին այդ գրառմանը և տարակուսանք հայտնել (հիմնականում ուկրաինացիները), ինչից հետո քարտեզը ջնջվել էր Եվրախորհրդարանի սոցցանցային էջից։
«Շնորհակալություն բոլորին, ովքեր մատնանշեցին առավոտվա ինֆոգրաֆիկայում առկա սխալը։ Ցավում ենք թույլ տված վրիպակի համար և աշխատում ենք այն շտկելու ուղղությամբ։ Թարմացված տարբերակը կլինի ավելի ուշ», – հայտարարել է ԵԽ–ն` ավելի ուշ հրապարակելով համաշխարհային քարտեզի նոր տարբերակը։
Սակայն դա նույնպես չի գոհացրել հետևորներին, նրանք հայտարարել են, որ ներողությունը բավարար չէ։
Հիշեցնենք` Ղրիմը Ռուսաստանի մարզ դարձավ Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքում։ 2014 թվականի մարտին կայացած հանրաքվեից հետո պարզ դարձավ, որ Ղրիմում ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլում ընտրողների 95,6%-ը կողմ են քվեարկել Ռուսաստանի կազմ մտնելուն:
Ուկրաինան շարունակում է Ղրիմը համարել իր տարածքը, որն իբր օկուպացրել է Ռուսաստանը, Արևմուտքի մի շարք երկրներ աջակցում են այդ դիրքորոշմանը։ ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները Ռուսաստանի հետ միավորվելու օգտին քվեարկել են ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին համապատասխան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` Ղրիմի հարցը վերջնականապես փակված է։