Երևանյան միջազգային թատերական փառատոնն ավարտվեց Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» ներկայացմամբ: Այն Black Box-ում (Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի փոքր բեմ) ներկայացրեց ամերիկյան Lit Moon թատրոնը, և մեզ ծանոթ հերոսները խոսեցին անգլերեն։
Նրանք, ովքեր ռուս մեծ դրամատուրգին միայն բնագրով են կարդացել, սկզբում դժվարությամբ ընկալեցին հերոսներին, որոնք ընդգծված ամերիկյան ակցենտով միմյանց դիմում էին ռուսական անուններով՝ Իվան Պետրովիչ, Ելենա Անդրեևնա, Միխայիլ Լվովիչ։ Բայց դերասանների պրոֆեսիոնալիզմն ի վերջո հաղթեց, և երկրորդ գործողությունից սկսած ստիպեց հանդիսատեսին ամբողջովին ընկղմվել գործողության մեջ և անկեղծորեն ապրումակցել հերոսներին: Ավարտն էլ շատ զգացմունքային ստացվեց…
Պարադոքսալ է, բայց այսօրվա թրենդային cancel culture-ի ֆոնին ամերիկացիները հայկական մայրաքաղաքում ներկայացրին ռուս կերպարներին և հիանալի արեցին դա։
Հաճելի է, երբ արվեստի գործերը ընկալվում են քաղաքականությունից դուրս, որպես ողջ մարդկության սեփականություն։
«Ներկայացման ընտրության մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկար։ Չեխովը բոլոր ժամանակների մեծագույն դրամատուրգներից է, որին թատերական գործիչները (անկախ ազգությունից. խմբ.) չեն կարող չդիմել», - մեզ հետ զրույցում ասաց Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, որը մարմնավորում է Քեռի Վանյային։
Վարդան Մկրտչյանը Քեռի Վանյայի դերում
© Photo : provided by Vardan Mkrtchyan
«Քեռի Վանյան» բեմադրելու գաղափարը պատահական է առաջացել։ Վարդան Մկրտչյանը կորոնավիրուսի համավարակի ժամանակ իր գործընկեր Ջոն Բլոնդելի (Lit Moon թատրոնի գեղարվեստական ղեկավար) հետ որոշել է այսպես կոչված «զում-թատրոն» կազմակերպել։
«Մենք աշխարհի տարբեր երկրներից դերասաններ հրավիրեցինք և սկսեցինք Չեխով կարդալ։ Գործընթացն այնքան հետաքրքրական էր, որ արդեն կորոնովիրուսից հետո որոշեցինք բեմադրել այդ գործը։ Այս ներկայացումը մի քանի ամսվա պատմություն ունի», - ասաց նա։
Ըստ Սունդուկյանի թատրոնի տնօրենի՝ ամերիկացիները շատ են սիրում Չեխովին և հաճախ են բեմադրում նրա գործերը։
Ավելացնենք, որ երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում, որն այս տարի առաջին անգամ անցկացվեց Հայաստանում, իրենց աշխատանքներն էին ներկայացրել աշխարհի տարբեր երկրների հայտնի և հեղինակավոր թատրոններ: Դրանց թվում էին «Եվրոպայի թատրոն» կոչում ստացած Փարիզի «Օդեոնը», Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը և այլն։
Մկրտչյանի խոսքով՝ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը տևած փառատոնի առանձնահատկությունն այն էր, որ անցկացվում էր պետական ինստիտուտի՝ Գաբրիել Սունդուկյան անվան ազգային ակադեմիական թատրոնի հիման վրա: