ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Միրզոյանն այդ մասին տեղեկացրել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկին։ Հեռախոսազրույցը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ։
«ՀՀ արտգործնախարարը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող նիստին»,– ասված է հաղորդագրությունում։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի, մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չմասնակցեցին նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չմասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։