2023 թ. բյուջեով 70 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար

Բռնի տեղահանվածները Գորիսում. Արխիվային լուսանկար
Այդ նպատակով կկրճատվեն պետական բյուջեի այլ հոդվածներ և կվերաբաշխվեն բյուջեի ծախսերը ոչ ավելի, քան 3 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. 2023 թ. ՀՀ պետական բյուջեով ավելի քան 70 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքների և պաշտպանական լրացուցիչ ծրագրերի համար։ Որոշումը կայացվել է այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Այդ նպատակով կկրճատվեն պետական բյուջեի այլ հոդվածներ և կվերաբաշխվեն բյուջեի ծախսերը ոչ ավելի, քան 3 տոկոսով։
Նշենք, որ ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիներին օժանդակելու համար ՀՀ կառավարությունը 2024 թ. պետական բյուջեի նախագծում նախնական նշել է 10 մլրդ դրամ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։