ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Թշնամին կոնկրետ կրակում է ՀՀ ներդրումների վրա. Ջերմուկում զբոսաշրջիկների համար այսօր անվտանգ չէ։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը` խոսելով ՀՀ կառավարության ներկայացրած «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթի մասին։
«Պարոն Քերոբյան, վերջին անգամ ե՞րբ եք եղել Ջերմուկում, որը մեր զբոսաշրջային կենտրոններից մեկն է համարվում, ինչպես նաև սահմանամերձ Տավուշը և Սյունիքը։ Զբոսաշրջության հիմքն անվտանգությունն է. Ջերմուկում մենք նորից կտեսնե՞նք գերհագեցած հյուրանոցներ։ Թշնամին կոնկրետ կրակում է ՀՀ ներդրումների վրա, ու պետք չէ ինչ–որ կազմակերպությունների զանգել ու հարցնել` ինչ վիճակ է, այլ պետք է գնալ ու տեղում մարդկանց հարցնել` ի՞նչ է կատարվում»,– ընդգծեց Ավետիսյանը։
Նրան նախ արձագանքեց հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը` ասելով, որ հենց նոր զանգել էՋերմուկ ու տեղեկացել, որ Ամանորի համար այս պահին արդեն հյուրանոցներում ազատ տեղեր չկան։
Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին ասաց, որ Ջերմուկում եղել է հուլիսին, և թե՛ այստեղ, թե՛ ՀՀ տարբեր մարզերում բազմաթիվ ծրագրեր են իրականացնում զբոսաշրջության և տարածքային համաչափ զարգացման համար։
«Այդ նպատակով, օրինակ, փառատոներ ենք անցկացնում։ Եվ ասեմ, որ միայն 2023 թ. 16 փառատոն ենք անցկացրել, հազարավոր այցելուներ են եղել ՀՀ տարբեր մարզերում»,– ընդգծեց նախարարը։
Ըստ նրա` ապահովության տեսանկյունից սա կարևոր օրենք է, որ զբոսաշրջիկները լավ ծառայություններ ստանան, չենթարկվեն խաբեությունների։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա նրա խոսքով` ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որ մեր երկիրը կարողանա ապահովել երկարատև խաղաղություն։
Նախարարը նաև հայտարարեց, որ զբոսաշրջության ապահովության ինդեքսով ՀՀ–ն աշխարհի 142 երկրների մեջ 7–րդ տեղում է, քանի որ մեր երկրում շատ քիչ է հանցագործությունների քանակը։
Բացի այդ, աշխարհի բոլոր երկրների շարքում ՀՀ–ն զբոսաշրջության ծավալով, աճի մակարդակով 6–րդն է` զիջելով Կատարին, Սաուդյան Արաբիային և մի քանի այլ երկրի։
Քերոբյանի հավաստիացմամբ` գլոբալ այն թիրախները, որոնք ՀՀ կառավարությունը դրել էր իր առջև ու նպատակ ուներ հասնելու 2026 թ., արդեն իսկ հասել է. նախատեսված էր, որ 2026 թ. մեր երկիր պետք է գա 2.5 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հասել է այդ թիրախին։