ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի գաղափարախոսությունը դեմ է բռնությանը, իսկ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը կարևոր քաղաքական առաջնահերթություն կառավարության համար։ Այս մասին հայտարաել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցը ՀՀ կառավարության համար կարևոր է մի քանի պատճառով, ընդ որում, թվարկման հերթականությունը չպիտի ընկալվի որպես հիշատակում ըստ կարևորության:
«Առաջինը, բռնությունը դեմ է մեր գաղափարախոսությանը: Երկրորդը, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը և վիճակը շատ կարևոր քաղաքական առաջնահերթություն է մեր կառավարության համար: Պիտի ընդգծեմ, որ այս թեման երբեմն լրացուցիչ կոնտեքստներ է ստանում` քաղաքական, ընդհուպ աշխարհաքաղաքական և միջազգային կոնտեքստ, ինչի հետ կապված յուրաքանչյուրն իր բացատրությունը և հիմնավորումն ունի: Մեզ համար հարցը կարևորվում է հատկապես հետևյալ տրամաբանությամբ` առանց նսեմացնելու մյուս բոլոր նրբությունները, որոնք կարող են գոյություն ունենալ»,– նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի պետական շահը, իր ընկալմամբ, երկրի զարգացումն է:
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով երկրի բնակչության 53 տոկոսը կանայք են, 47 տոկոսը` տղամարդիկ, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների 54 տոկոսը կանանցն է, 46 տոկոսը` տղամարդկանցը:
Այս առումով, ըստ Փաշինյանի, Հայաստանի բնականոն զարգացումն ապահովելու համար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կանանց ներուժը` տնտեսական, հանրային և հնարավոր բոլոր ուղղություններով ինքնարտահայտվելու, պետության զարգացման գործին ներգրավվելու լիարժեք հնարավորություն ունենա:
Փաշինյանն ընդունել է ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչներին
Նիկոլ Փաշինյանի խոսքով` շատ դեպքերում փորձ է արվում թեմային տալ բոլորովին այլ ենթատեքստ՝ փորձ անելով հիմնավորել, թե այս թեմայի քննարկումներով հարված է հասցվում հայկական ավանդական արժեքներին, ավանդական պատկերացումներին:
«Կտրականապես համաձայն չեմ նման ըմբռնումների և ընկալումների հետ, որովհետև եթե նույնիսկ որևէ մեկը գտնում է, որ բռնությունը, այդ թվում` ընտանիքում և կենցաղում կարևոր ավանդույթ է, ուրեմն պետք է արձանագրել, որ այն վատ ավանդույթ է և պետք է այն հաղթահարել»,- նշել է վարչապետը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ արդեն իսկ իրականացված օրենսդրական փոփոխություններին, կանանց խնդիրներին և դրանց լուծման հնարավոր քայլերին վերաբերող հարցեր: