ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու սահմանադրական գործընթաց է նախաձեռնվելու։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը։ Նախաձեռնության անդամները նոյեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, Երևանի Բաղրամյան 26 հասցեի մոտ իրականացնելու են վարչապետին անվստահություն հայտնող հանրային հարցապնդում-արձանագրումների հրապարակայնացում։
Հարցադրումների առանցքում ներկա իշխանությունների իրականացրած քաղաքականությունն է՝ Արցախի կորստի, ՀՀ տարածքային ամբողջականության խարխլման, ՀՀ քաղաքացիների անվտանգության և իրավունքների ոտնահարման, գերեվարման և անազատության հանգեցրած բոլոր կարևոր դրվագներով։
«Ելնելով ՔՊ կառավարության ծրագրի և գործնականում իրականացված քայլերի բևեռային հակադրությունից, դրանց ծանրագույն հետևանքներից՝ «Միասին» շարժումը դիմելու է ՀՀ քաղաքացիներին և խորհրդարանական ընդդիմությանը՝ նախաձեռնելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու սահմանադրական գործընթացը»,- նշված է հայտարարության մեջ։
Շարժման անդամները կոչ են անում քաղաքացիներին միանալ և մասնակցել բողոքի հավաքին։