ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ ԱԱԾ աշխատակիցները Կենտրոնի թաղապետարան չեն մտել ու վարչական շրջանի ղեկավարին հարցաքննության չեն տարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այ մասին ասած Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե Կենտրոնի ղեկավար Սամվել Ղուկասյանին օրերս ԱԱԾ-ն հարցաքննության է տարել։
«Կոմունալ տնտեսության աշխատանքների կազմակերպման բաժնին առնչվող չարաշահումների գործի շրջանակներում վարչական շրջանի ղեկավարին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, որոշ հարցեր ուղղել»,- նշեց Կոստանյանը։
Նա շեշտեց, որ վարչական շրջանի ղեկավարն այս գործով որևէ կարգավիճակ չունի։
«Պարոն Ղուկասյանն ասաց, որ իրեն հրավիրել են, ինքը ներկայացել է, որոշ հարցեր են ուղղել, որոնց ինքը պատասխանել է։ Ո՛չ բերման են ենթարկել, ո՛չ ԱԱԾ-ն է շենք մտել»,- հավելեց Կոստանյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա ձերբակալվել են կաշառք վերցնելու համար։
Տ. Մ.–ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.–ի հետ նախնական համաձայնությամբ տարբեր անձանցից ստացել է ընդհանուր շուրջ 1 մլն 700 հազար դրամ կաշառք:
Պաշտոնյաներին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով։