Իրանը ՄՔԴ-ին հայց կներկայացնի Իսրայելի դեմ Գազայի հատվածում գործողությունների համար

Նասեր Քանանի
Իրանցի դիվանագետը նշել է, որ իրավաբաններն ու փորձագետները կարծում են, որ Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարել Գազայում, դրա համար բավարար ապացույցներ կան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Իրանը մտադիր է հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) Իսրայելի դեմ՝ Գազայի հատվածում դրա գործողությունների պատճառով: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Բազմաթիվ իրավաբանների և միջազգային փորձագետների տեսանկյունից իսրայելական ռեժիմը ռազմական հանցագործություններ է կատարել Գազայում։ Բավարար ապացույցներ կան», - նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Թեհրանը հույս ունի, որ «Միջազգային քրեական դատարանն իրեն հատուկ առաքելության շրջանակում կապացուցի, որ գործում է անաչառ և արդար, ու միջոցներ կձեռնարկի ռազմական հանցագործներին դատելու համար»:
Կանաանին հավելել է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերջերս Ժնև կատարած այցի ընթացքում անդրադարձել է այդ հարցին ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև ընդգծել է, որ Իրանը ուշադիր հետևելու է այդ գործընթացին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
ԱՀԿ-ն Գազայի բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է արձանագրել, 534 մարդ է մահացել
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելում, իշխանության վերջին տվյալներով, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այդ թիվը ներառում է քաղաքացիական անձանց, զինվորների, օտարերկրյա քաղաքացիների ու աշխատողների, ինչպես նաև հաղորդվել է, որ ավելի քան 5 հազար մարդ է տուժել:
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը, տուժել է ավելի քան 30 հազար մարդ: