ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը նոր և ճիշտ բարեփոխում է այս ոլորտում։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա` սա զարգացման փաթեթ է, քանի որ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքը գործում է 2003 թ., սակայն այն մի շարք հարցեր արդեն չէր կարողանում կարգավորել։
«Օրինակ` զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակում, պահանջների ու չափանիշների սահմանում, քաղաքականություն մշակող անձանց լիազորությունների մշակում, վերահսկող մեխանիզմների ներդրում և այլն… Այս բոլոր հարցերը հստակ կարգավորվելու են նոր փաթեթով»,– ընդգծեց նախարարը։
Քերոբյանի խոսքով` նախատեսվում է, որ այս նոր օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թ. հունիսի 30–ից, իսկ որոշ կարգավորումներ` մինչև 2025 թ. հունիսի 30–ը։
Նրա վստահեցմամբ` զբոսաշրջությունը ՀՀ–ում զարգանում է բավականին լավ տեմպերով։
«Այս ամսվա 10 ամիսներին ՀՀ է այցելել 2 մլն–ից ավելի զբոսաշրջիկ։ Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ 2.4 մլն զբոսաշրջիկի կհասնի այս թիվը, ինչը մոտավորապես 25 տոկսով ավելի է, ինչ մենք ունեցել ենք մեզ համար լավագույն զբոսաշրջային տարում` 2019 թ.–ին»,– ասաց Քերոբյանը։
Նախարարը նշեց, որ օրենսդրական այս փաթեթը նպատակ ունի կարգավորել թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմը, նաև նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջային ոլորտը ՀՀ տնտեսության զարգացմանը ծառայեցնելու համար։