Հայտնի է՝ ովքեր կփոխարինեն Անդրանիկ Թևանյանին և Թաթուլ Պետրոսյանին Երևանի ավագանիում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում մանդատներ է տրամադրել վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած՝ Երևանի «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Անդրանիկ Թևանյանի և Թաթուլ Պետրոսյանի փոխարեն։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։
«Այսպիսով, Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին»,– ասված է հաղորդագրությունում։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը։
Խմբակցությունն այժմ ղեկավարում է Մանուկ Սուքիասյանը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ, գեներալ–մայոր Թաթուլ Պետրոսյանն էլ նոյեմբերի 12-ին էր հայտարարել, որ հրաժարվում է ավագանու իր մանդատից, սակայն շարունակելու է պայքարը դաշինքի կազմում։