Հայաստանը բազմապատկել է զբոսաշրջային բյուջեն. Եվրանյուզի հետ քննարկվում է գովազդի հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` ՀՀ ճանաչելիության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման մասով վերջին 2–3 տարում ՀՀ կառավարությունը զբոսաշրջային բյուջեն բազմապատկել է. եթե 2019 թ. այն կազմում էր մոտ 2 մլրդ, ապա 2024 թ. բյուջեն 13 մլրդ 200 մլն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Եվրանյուզի հետ քննարկվում է ՀՀ–ն զբոսաշրջային առումով գովազդելու համար։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ կառավարությունն օրենսդրական նոր փաթեթ է ներկայացրել զբոսաշրջության մասին։
«Եվրանյուզի հետ հիմա քննարկումներ ենք անցկացնում ՀՀ–ն գովազդելու համար, քանի որ այն ճշգրիտ համապատասխանում է այն թիրախային լսարանին, որի վրա մենք ուզում ենք աշխատել։ Խոսքը գնում է միջին ու միջինից բարձր եկամուտ ունեցող խավի մասին»,– հստակեցրեց նախարարը։
ՀՀ ճանաչելիության, ինչպես ենթակառուցվածքների զարգացման մասով, ըստ նրա, վերջին 2–3 տարում ՀՀ կառավարությունը զբոսաշրջային բյուջեն բազմապատկել է. եթե 2019 թ.–ին այն կազմում էր մոտ 2 մլրդ, ապա 2024 թ. բյուջեն 13 մլրդ 200 մլն է։
«Մենք էականորեն ավելացրել ենք այդ մասով մեր ներդրումները»,– վստահեցրեց Քերոբյանը։
Նրա խոսքով` ՀՀ կառավարության նպատակն այն չէ, որ մեր երկիրը դառնա զբոսաշրջային տնտեսություն, այլ այն, որ զբոսաշրջիկները գան ՀՀ, ստանան զբոսաշրջային ծառայությունների բարձր որակ ու դրա համար վճարեն։
Հերթական ռեկորդը. 10 ամսում ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
Ի դեպ, ըստ նոր օրենքի, զբոսաշրջային ոլորտի մի շարք ծառայություններ մանրամասն դիտարկվելու են ոստիկանության պարեկային ծառայության ու ՀՀ շուկայի վերահսկողության տեսչության կողմից։