Գազայի հատվածում բնակության վայրը լքած անձանց թիվը հասել է 1.7 միլիոնի. ՄԱԿ

Պաղեստինցի պատանի
Շուրջ 900 հազար մարդ է գտնվում ՄԱԿ-ի գործակալության 154 ապաստարաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում ներքին տեղահանված մարդկանց թիվը հասել է 1.7 միլիոնի։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ–ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
«Ըստ գնահատականների` Գազայում ավելի քան 1.7 մլն մարդ է ներքին տեղահանված դարձել, այդ թվում` մոտ 900 հազարը, որոնք գտնվում են ՄԱԿ-ի` պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (UNRWA) 154 ապաստարաններում», – ասվում է վարչության ամփոփագրում։
Նշվում է, որ այս պահին UNRWA–ի ապաստարաններում նախատեսվածից շատ մարդ կա, և այլևս անհնար է ընդունել նոր ժամանողներին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։