ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը մեկնել են «Սալլա» անցակետ (Ռուսաստանի հետ սահման) և սկսել են ժամանակավոր պատնեշ տեղադրել այնտեղ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Լապլանդիայի սահմանապահ ջոկատի հայտարարությանը։
«Սալլա» անցակետը Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանի հատման երկու կետերից մեկն է, որտեղ հնարավոր է ընդունել փախստականներին։ Ֆիննական անցակետը գործում է շաբաթական 7 օր (8։00-14։00)։
««Սալլա» են ժամանել պաշտպանության ուժերը։ Մենք համատեղ սկսում ենք ժամանակավոր պատնեշ կառուցել սահմանային անցակետի հատման տարածքից դուրս», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ֆինլանդիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ միգրացիոն իրավիճակի վատթարացման պատճառով որոշվել է նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի փետրվարի 18-ը փակել ՌԴ–ի հետ սահմանին գտնվող անցակետերը։