ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով տուժած երկու անձանց` 70 և 66 տարեկան ԵՊՀ աշխատակիցների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր և ծանր, նրանք ի վիճակի չեն մասնակցելու որևէ վարութային և ապացուցողական գործողության: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ինչ վերաբերում է ծխահարված ոստիկանության ծառայողին, ապա նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
«Ինչպես մահացած, այնպես էլ բուժօգնության դիմած անձինք քրեական վարույթով ճանաչվել են տուժող»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ պայթյունի օջախ է հանդիսացել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում գտնվող, ներկայում որպես սպասարկման ոլորտի աշխատակիցների հանդերձարան ծառայող տարածքում։
«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են այրված հագուստներ, արնանման նյութի և մոխրացած հետքերից նմուշներ։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները»,– նշվում է հաղորդագրությունում։
ՔԿ–ից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատապայթյունատեխնոլոգիական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարագիտատեխնիկական, դատաէլեկտրատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն:
Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։
Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում պայթյուն էր գրանցվել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Սենյակը ծառայել է որպես այգեգործների համար հանդերձարան, գործիքների պահման վայր։ Պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։