ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ Գարեգին երկրորդի տնօրինությամբ եկեղեցականների նոր նշանակումներ են արվել։
Ըստ այդմ, հոգեշնորհ տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը դարձել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ, հոգեշնորհ տեր Սահակ վարդապետ Շաքարյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում առաջնորդական տեղապահի իշխանության ներքո։
Նշենք, որ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել Ամենայն հայոց կաթողիկոսի` հունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ԶՈւ–ի սանձազերծած լայնամասշտաբ հարձակումից, ինչպես նաև սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանումից հետո նոյեմբերի 3-ին Մայր աթոռը որոշում է կայացրել պահպանել Արցախի թեմը։