Արարատ Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Մանամայում ներկայացրել է Բահրեյնի Թագավորության արտգործնախարարին։ Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ծոցի արաբական երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը՝ Միրզոյանը հույս է հայտնել, որ ծրագիրը գրավիչ կլինի նաև մերձավորարևելյան երկրների, այդ թվում՝ Բահրեյնի համար։
Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կուղարկի Հայաստան։ Հնդկական պարբերականը գրում է, որ Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև աճող ռազմավարական գործընկերության վրա։ Ընդ որում Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի առանցքային մատակարարը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Աղդամով գնալ Ստեփանակետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի պատգամավոր Նիգար Արփադարայը։ Նա նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Լեռնային Ղարաբաղ այցելելու խնդրանքով։ «Բաքուն համաձայնել է ճանապարհ տրամադրել դեպի Ստեփանակերտ Աղդամաով՝ այնտեղի ավերածությունները ևս փաստագրելու համար, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ»,– գրել է Ադրբեջանի պատգամավորը։
Ստամբուլի դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթին, որն օրեր առաջ վաղաժամկետ ազատ էր արձակվել։ Սամասթին այժմ մեղադրում են «ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով՝ ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ» սպանություն իրականացնելու մեջ։ Նրան սպառնում է 7,5-ից մինչև 12 տարվա ազատազրկում։
Հյուսիսային Օսիայի վարչությունը հայտնում է, որ վատ եղանակի պատճառով կիրակի երեկոյան դադարեցվել է բոլոր տեսակի մեքենաների երթևեկությունը Վլադիկավկազ – Լարս հատվածում՝ Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ։ «Վերին Լարս» անցակետ տանող Խաչի լեռնանցքով անցնող ճանապարհահատվածը փակվել է ձյան և մերկասառույցի պատճառով: