50 երկրի առաջնորդներին ուղղված նամակում Ռայիսին հորդորել է ճնշում գործադրել Իսրայելի վրա

Իրանի նախագահն ուղերձ է հղել մասնավորապես Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի առաջնորդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին տարբեր երկրների առաջնորդներին ուղղված իր նամակում կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա։ Այս մասին այսօր հայտնել է Tasnim իրանական պետական գործակալությունը։
«Նախագահ Ռայիսին նամակ է ուղղել 50 երկրների ղեկավարներին (այդ թվում` Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի և Հորդանանի)` կոչ անելով միավորվել և որպես ազատ ու անկախ երկրներ` համակարգված գործողություններ իրականացնել Իսրայելի վրա ճնշում գործադրելու նպատակով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։