ՌԴ և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են Գազայում հրադադարի անհրաժեշտությունը

Արխիվային լուսանկար
Նախարարները մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը, կողմերն ընդգծել են շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակին։ Ընդհանուր մտահոգություն է հայտնվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է արագ հրադադարի և տուժած քաղաքացիական բնակչությանը հրատապ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Էլեկտրաէներգիա չլինելու պատճառով Գազայում անջատված են հեռահաղորդակցության միջոցները
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելում, իշխանության վերջին տվյալներով, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այդ թիվը ներառում է քաղաքացիական անձանց, զինվորների, օտարերկրյա քաղաքացիների ու աշխատողների, ինչպես նաև հաղորդվել է, որ ավելի քան 5 հազար մարդ է տուժել:
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը, տուժել է ավելի քան 30 հազար մարդ: