Իսրայելի միջուկային զենքի առկայության հարցը հռետորաբանությունից այն կողմ չի գնա. փորձագետ

Անդրեյ Բակլանով
Պրոֆեսորը նշել է՝ Անկարան հասկանում է, որ Իսրայելում օբյեկտների իրական տեսչությունն առաջ տանելը չափազանց դժվար կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ-ն հուսալիորեն «կփակի» Իսրայելին, եթե պահանջվի ստուգել այդ երկրում միջուկային զենքի առկայությունը։ Իսրայելի զենքի մասին Անկարայի հայտարարություններն ավելի հեռու չեն գնա, քան բուն հայտարարությունները, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի արտասահմանյան տարածաշրջանագիտության բաժնի պրոֆեսոր Անդրեյ Բակլանովը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է ստուգի Իսրայելին միջուկային զենքի առկայության համար, իսկ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել էր, որ Թել Ավիվի միջուկային զենք ունենալը ռազմավարական խնդիր է, որը պետք է լուծել:
«Իսրայելի միջուկային զենքի առկայությունը նոր խնդիր չէ, և հարցը բազմիցս քննարկվել է, բայց ամեն անգամ քննարկումները մարվել են այն պատճառով, որ ԱՄՆ-ն չի նպաստել այդ քննարկումն ավարտին հասցնելուն։ Անվտանգության խորհրդում ուժերի հարաբերակցությունը այնպիսին էր, որ Իսրայելի շահերը հուսալիորեն պաշտպանվում էին ԱՄՆ-ի կողմից», - պարզաբանել է Բալկանովը։
Փորձագետի խոսքով՝ Թուրքիային դա շատ լավ հայտնի է, և այնտեղ հասկանում են, որ իրական տեսչությունն առաջ տանելը չափազանց դժվար կլինի։ Նա ավելացրել է, որ հավանաբար, Անկարային դա պետք էլ չէ։
«Թուրքիան աշխատում է իսլամական երկրների շարքում առանձնահատուկ, առաջատար դիրք գրավելու ուղղությամբ՝ հետ մղելով Եգիպտոսին, Պակիստանին և Սաուդյան Արաբիային։ Այսպիսով, նրանք օգտագործում են հատկապես ռեզոնանսային թեմաները: Բայց հռետորաբանությունից այն կողմ, վստահ եմ, գործը չի գնա», - եզրափակել է Բակլանովը։
Հիշեցնենք, որ Իսրայելի՝ Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն ավելի վաղ Գազայի վրա ատոմային ռումբի նետումը անվանել էր հակամարտության զարգացման «հնարավորություններից մեկը»: